Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գիշերը կողմնակիցներին դիմելով` հայտարարեց, որ ընտրատեղամասերից ստացված տվյալներով` հաղթում է նախագահական ընտրություններում ու երկրորդ փուլ չի լինի: Պաշտոնական տվյալներին հղում անելով` նա ասաց, որ հավաքել է 53 %, իսկ հիմնական մրցակից Մուարեմ Ինջեն` 31 %: Դիմելով կողմնակիցներին Ստամբուլում, նա նաև ասաց, որ ոչ պաշտոնական տվյալներով ԱԶԿ-ն ավելի շատ ձայներ է հավաքել խորհրդարանում, քան բոլոր մյուս կուսակցությունները:
«Երկիրը վստահեց ինձ նախագահական ու գործադիր իշխանության պատասխանատվությունը»` ազդարարեց 64-ամյա Էրդողանը` հիշեցնելով, որ խոսքն ընտրությունների ոչ պաշտոնական տվյալների մասին է: Նրան անհապաղ շնորհավորեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Պետական լրատվամիջոցների տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունների ձայների 96 % հաշվարկից հետո Էրդողանի ԱԶԿ-ն ունի 42 %: Նա` 52,7 %` 96,3 % քվեաթերթիկների հաշվարկից հետո: Ընդդիմադիր կուսակցություններից առաջատարը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է` 23 %: Հաղթահարելով 10 %-ի շեմը` Ազգային մեծ ժողով է մտել և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Պետական ԶԼՄ-ները մասնակցությունը ընտրություններին գնահատել են 87 %: Ընդդիմադիր թեկնածու Մուարեմ Ինջեն հայտարարում է, որ պաշտոնական ԶԼՄ-ները գերազանցում են քվեաթերթիկները հաշվելու արագությունը. «Այս պահին ԿԸՀ-ի համակարգը ցույց է տալիս, որ մշակվել է քվեատուփերի 37 %-ը: Հեռուստաալիքները հղում անելով անատոլիական նորությունների գործակալությանը` խոսում են 85 %-ի մասին»` ասաց Ինջեն հարցազրույցում: Թուրքիայում շարունակվում է 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո մտցված հատուկ դրությունը: Ընտրությունները պետք է կայանային 2019-ի նոյեմբերին, սակայն Էրդողանը առաջ բերեց ժամկետը: Նախընտրական արշավի վերջին օրը երկու հիմնական մրցակիցները` Էրդողանն ու Ինջեն, ելույթ ունենալով իրենց կողմնակիցների բազմամարդ հանրահավաքներում` մրցակցի մասին ասացին, որ նա ի վիճակի չէ պետություն ղեկավարել: Ինջեն կարողացավ կարճ ժամանակում հաջող ընտրարշավ անցկացնել ու հույս ներշնչել բարոյալքված ընդդիմությանը, խոստացավ դիմակայել «ավտորիտար կառավարման մեջ գլորվելուն», որ, նրա կարծիքով, սպասվում է երկրին Էրդողանի հետ:
Ընտրատեղամասերում ձեռնարկվել էին անվտանգության խստացված միջոցներ` քվեարկությունից առաջ որոշ քաղաքական գործիչներ անհանգստություն էին հայտնում, որ դա ընտրողներին կարող է վախեցնել կամ փորձեր կարվեն ընտրությունների արդյունքների վրա ներգործելու: Թուրքիայի ԿԸՀ-ն արդեն խոստացել է հետաքննել խախտումների հաղորդումները ՈՒրֆա հարավային նահանգից:
Հաղթելուց հետո Էրդողանը իր երկրորդ նախագահական ժամկետին ձեռնամուխ է լինելու արագացված տեմպով ու բազմապատկված ուժով: Ինչ-որ ժամանակ նրա պաշտոնը արարողակարգային էր, սակայն 2017-ի ապրիլին ընտրողների 51 %-ը հանրաքվեում աջակցություն հայտնեց նոր Սահմանադրությանը, որ նախագահին օժտեց նոր իրավասություններով` նա իրավունք ունի նշանակել բարձրագույն պետական պաշտոնյաներ` նախարարներ, փոխնախագահ և պետության առաջին դեմքերին, իրավունք ունի ներգործել արդարադատության համակարգի վրա, արտակարգ դրություն մտցնել: Վարչապետի պաշտոնը վերանում է: Քննադատները վաղուց են Էրդողանին մեղադրում ավտորիտար ռեժիմ հաստատելու փորձերի մեջ և նրա ընդդիմախոսները նախընտրական ծրագրերում խոստանում էին, որ չեն աջակցելու սահմանադրական փոփոխություններին: Եթե Էրդողանը կորցներ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ձայները, քաղաքական մթնոլորտը Թուրքիայում էականորեն կփոխվեր: Եթե նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները տարբերվեն, անկայունության նոր շրջան կսկսվի: Թուրքիան բարդ ժամանակներ է ապրում 2016-ից, երբ հեղաշրջման փորձ եղավ: Թուրքիայի իշխանությունները մեղադրեցին ԱՄՆ-ում ապրող հոգևորական Ֆեթուլա Գյուլենին, որ մերժում է մեղադրանքները, և նրա «Հիզմեթ» շարժման կողմնակիցներին: ՄԱԿ-ի տվյալներով` այլախոհության մեղադրանքով բանտերում է 160000 մարդ:
BBC
Հ.Գ. Թուրքիայում քվեատուփերի 79 տոկոսի ձայների հաշվարկի համաձայն, նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 54,3 տոկոսը, Ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված Մուարեմ Ինջեն` 29,9 տոկոսը, «Լավ» կուսակցության նախագահի թեկնածու Մերալ Աքշեները՝ 7,5, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելահաթթին Դեմիրթաշը՝ 7,2, «Երջանկություն» կուսակցությունից՝ Թեմել Քարամոլլաօղլուն 0,91, «Հայրենիք» կուսակցությունից Դողու Փերինչեքը` 0,2 տոկոսը:
Խորհրդարանական ընտրություններում ժամը 22։00-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 74 տոկոսը: «Ժողովրդական դաշինքը» ստացել է ընտրողների ձայների 55,6 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների միասնական «Ազգային դաշինքը»` 33 տոկոսը, Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել է 10,2 տոկոս` հաղթահարելով նախընտրական շեմը: «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցությունները միասին 1,3 տոկոս քվե ունեն: Քվեարկելու իրավունք ուներ 59 մլն քաղաքացի, նրանցից 56 մլն ապրում է Թուրքիայում, մյուսները քվեարկելու հնարավորություն են ունեցել հունիսի 7-ից սկսած: Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, վերջին չորս ընտրությունների համեմատությամբ երեկվա քվեարկությունն ամենից խաղաղն է ընթացել: Ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր են տարածվել ընտրախախտումների, ընտրակեղծիքների, կրկնաքվեարկությունների, իշխանությունների վարչական լծակների գործադրման և հակառակորդ ուժերի աջակիցների բախումների մասին:
Էրզրումի նահանգի Քարաչոբան քաղաքի ընտրատեղամասում երկու ընտանիքի միջև ծագած զինված բախման արդյունքում 2 հոգի սպանվել է, 3-ը վիրավորվել։ Մահացածներից մեկը ընդդիմադիր «Լավ» կուսակցության տեղական մասնաճյուղի ղեկավարն է: ՈՒրֆա նահանգի Սուրուչ շրջանում ընտրատեղամասի մոտակայքում կայանած մեքենայի մեջ արդեն կնքված ընտրաթերթիկներով լի չորս պարկ է հայտնաբերվել: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել, 4 հոգի ձերբակալվել է: Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Ազգային մեծ ժողովում վերընտրվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը և ԱԶԿ-ից Ստամբուլում առաջադրված Մարգար Եսայանը:
Ո՞վ կլինի 2018-ի հունիսի 24-ի ընտրություններում հաղթած Էրդողանն ու ի՞նչ քաղաքականություն կվարի: Թուրքիայի տնտեսական վիճակը նրան ստիպում է վերադառնալ Արևմուտք` ռուս զբոսաշրջիկները չեն փրկում արժեզրկվող լիրան ու ներդրումները կորցրած արտադրությունը: Էրդողանը հաղթեց, բայց դեռ պետք է հաղթանակը նյութականացնի, իսկ դա արտաքին ու ներքին քաղաքականության մեջ բազում անակնկալներ կարող է բերել: Հազիվ թե անակնկալները առաջիկայում վերաբերեն թուրք-հայկական հարաբերությունների վերականգնմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցին միջամտության փորձերը կշարունակվեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ